Գրում է հեռավար ուսուցումն ընտրած Սոնա Բալայանի (Ավագ դպրոց-վարժարան) եւ Ալեն Բալայանի (Արևելյան դպրոցի 4-րդ դասարան) մայր՝ Հասմիկ Հակոբյանը
Նիդեռանդներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այն ամենահաճելի բացահայտումներից է, որն ինձ թույլ տվեց հասկանալ, որ ՀՀ բացառիկ երկրների շարքում է դասվում, որտեղ կա տարրական, միջին եւ ավագ կրթօջախների այսպիսի լայն բազմազանություն։ ՄՍԿՀ-ն թերեւս այդ բազմազանության լավագույն համակցումն է, որտեղ կարեւորվում է անհատ-սովորողի բազմաբնույթ շփումը թե՛ մյուս սովորողների, թե՛ դասավանդողների եւ թե՛ բնության ու շրջակա աշխարհի հետ։ Գիտելիքի ձեռքբերումն ու ամրագրումը կատարվում է կյանքի, շրջակա միջավայրի եւ երեւույթների ու արժեքների հետ անմիջական շփման, շոշափման եւ անձի անհատական բացահայտման միջոցով։ Հնարավորինս շատ զգայարանների աշխատանք է ներգրավվում նյութը յուրացնելու, հասանելի ու հասկանալի դարձնելու համար։ Այս ամենին զուգակցվում են նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու հմտությունները, ինչը սովորողներին դարձնում է նորաստեղծարար՝ վերջիններիս աշխատանքը դարձնելով ավելի արդյունավետ ու արդի։Մեծ տեղ է հատկացվում մշակույթին, ազգային սովորույթներին եւ ավանդույթներին, անհատի մշակութային զարգացմանը (երգ, երաժշտություն, ձեռքի ու խոսքի վարպետություն, նկարչություն, քանդակ, կիրառական արվեստ եւ այլն)։Անհամար ու անթիվ են նախաձեռնությունները, արշավները, գիտահետազոտական ու վերլուծական արշավները, որոնք մեծապես նպաստում են անհատ-սովորողի զարգացմանը, որոնց միջոցով սովորողները բացահայտում են հայրենի բնությունը, տեսարժան վայրերը, մշակութային կոթողները, ծանոթանում ՀՀ շրջանների սովորույթներին ու ավանդույթներին, բացահայտում ու փորձում լուծումներ գտնել շրջակա միջավայրի խնդիրներին։ Հաճախակի են նաեւ քննարկումներն ու հանդիպումները տարբեր ոլորտի գործիչների հետ։ՄՍԿՀ-ն մի կենդանի օրգանիզմ է, որը մշտական շարժման ու զարգացման մեջ է։Շատ հետաքրքիր է սովորող-դասավանդող հարաբերությունը, որը հիմնված է ընկեր-ընկեր սկզբունքի վրա։ Դա է պատճառը, որ սովորողները անկաշկանդ, ազատ եւ առանց կաղապարվելու արտահայտում են սեփական կարծիքն ու դիրքորոշումը, որը ընդունվում եւ ողջունվում է մեծ ոգեւորությամբ։ Հեսաքրքիր է կրթահամալիրի ողջ ներքին եւ արտաքին կառուցվածը․ Դասասենյակները բաց տարածքում են՝ առանց միջսենյակային պատերի, որը նույնպես ազատ, անկաշկանդ ու անսահմանափակ գաղափարի շարունակությունն է։ Այստեղ բացակայում է հանրությունից մեկուսացած լինելու զգացումը, բոլոր տարիքի սովորողները օրվա ընթացքում անարգել շփվում են միմյանց եւ դասավանդողների հետ։ Դասագրքային կաղապարները բացակայում են, այսինքն՝ վաղ տարիքից անհատին տրվում է ազատություն՝ հասկանալու, որ գիտելիքն անսահման է եւ մշտական փոփոխման ու զարգացման մեջ, այն չի կաղապարվում ու քարանում դասագրքերում։ Գործում է «փնտրի՛ր,գտի՛ր, համեմատի՛ր, վերլուծի՛ր, փորձի՛ր մեկնաբանել, արտահայտել կարծիքդ» սկզբունքը, որի ընթացքում էլ սովորողը բնական ընթացքով ձեռք է բերում եւ ամրապնդում գիտելիքը։ ՄՍԿՀ-ն տարրական դասարաններում անպայման սովորում են մարդու համար կենսական անհրաժեշտ հմտությունները՝ հեծանիվ վարելը, լողալ իմանալը, ինքնուրույնություն ձեռք բերելը։ Անգամ ուսումնական մասնաշենքերը շրջապատված են կանաչ տարածքներով, որոնց խնամքով զբաղվում են դասավանդողներն ու սովորողներն երկուստեք։ ՄՍԿՀ-ն մերօրյա ու դեպի ապագա ձգտող կրթօջախ՚ է, որը պահպանելով սերտ կապը ազգային արժեքների, մշակույթի, սովորույթների ու ավանդույթների հետ՝ դրանք արհեստավարժորեն համակցում է ուսուցման արդի պահանջներին։ Արժեւորելով անցյալը՝ կերտում է նորը։
Շնորհակալ եմ դասավանդողների , տնօրենների ողջ թիմին այս անձնվեր ու անգնահատելի աշխատանքի համար։
Սիրով՝ Սոնա Բալայանի(Ավագ դպրոց-վարժարան) եւ Ալեն Բալայանի (Արևելյան դպրոցի 4-րդ դասարան) մայր՝ Հասմիկ Հակոբյան
Նիդեռլանդներ

Կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյանի էլեկտրոնային փոստից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով