Արևելյան դպրոցի կանոնադրություն

Հաստատված է կրթահամալիրի խորհրդի նիստում
22:05:2018

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Արևելյան դպրոց-պարտեզը (այսուհետ՝ դպրոց-պարտեզ) կրթահամալիրի մասնաճյուղ է:

2. Դպրոց-պարտեզի տնօրենին (այսուհետ՝ ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):

3. Դպրոց-պարտեզն իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

4. Դպրոց-պարտեզը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված՝ կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:

5. Դպրոց-պարտեզի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:

6. Դպրոց-պարտեզը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրոց-պարտեզի կանոնադրություններով:

7. Դպրոց-պարտեզի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ա. Բաբաջանյան 47/1:

8. Դպրոց-պարտեզը ունի չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:

9. Կարճ անվանումն է` Արևելյան դպրոց-պարտեզ:

10. Դպրոց-պարտեզը ունի էլեկտրոնային կայք` newschool.mskh.am, որը գործում է որպես դպրոց-պարտեզի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է դպրոց-պարտեզի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, կրթահամալիրի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։

11. Դպրոց-պարտեզը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

12. Դպրոց-պարտեզում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

II. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

13. Դպրոց-պարտեզի գործունեության առարկան նախադպրոցական, հանրակրթական (մինչև 5-րդ դասարան), հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) հեղինակային, լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է:

14. Դպրոց-պարտեզի գործունեության նպատակներն են`

· ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրում.

· երեխաների (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում:

15. Դպրոց-պարտեզի խնդիրներն են.

· կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակումը, կիրառումը, տարածումը.

· դպրոց-պարտեզի, կրթահամալիրի հնարավորությունների օգտագործմամբ յուրաքանչյուր երեխայի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխայի) ընդունակությունների դրսևորման և զարգացման պայամանների ապահովումը.

· ընդհանուր ներառական կրթության ապահովումը.

· սովորողի և աշխատողի ինքնուրույնության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը.

· ֆիզիկական և մեդիա՝ կրթական բաց միջավայրի ներդաշնակեցումը.

· կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովումը` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ.

· սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպումը:

III. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

16. Դպրոց-պարտեզի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրոց-պարտեզը ստեղծում է ուսումնական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ, օգտվում կրթահամալիրի ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, արվեստանոցների, արհեստանոցների հնարավորություններից:

17. Դպրոց-պարտեզում գործում են՝

· 2-5 տարեկանների խնամքի և զագացման խմբեր,

· «Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների ուսուցման, 1-3-րդ դասարաններ,

· 4-5-րդ դասարաններ:

18. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի, դպրոց-պարտեզի ուսումնական օրացույցի, ուսումնական պլանի և դասացուցակների հիման վրա:

19. Դպրոց-պարտեզի ուսումնական պլանը կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:

20. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ գործունեության խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:

21. Խմբային ուսուցումը կազմակերպվում է դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:

22. Սովորողի հիմնական ծանրաբեռնվածությունը որոշվում է սովորողի անհատական ուսումնական պլանով, որը կազմվում է դպրոց-պարտեզի ուսումնական պլանի հիման վրա և հաշվի է առնում սովորողի ընտրության հնարավորությունը, իրականացվող ուսումնական նախագծերով, ինքնասպասարկման և շրջական միջավայրի բարելավման աշխատանքներով, ճամփորդություններով, ճամբարներով:

23. Սովորողի անհատական ուսումնական պլանը նրա և դպրոց պարտեզի միջև կնքված ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

24. Դպրոց-պարտեզում կիրառվում են առկա, հեռավար, տնային ուսուցման ձևեր` սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:

25. 5 տարեկանների ուսուցման ծրագրով նախատեսված բովանդակությունը, 1-3-րդ դասարանների ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավար դասվարը մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:

26. 4-5-րդ դասարանների ծրագիրն ուղղված է սովորողի բազային ուսումնական կարողությունների զարգացմանը, սահուն անցում է ապահովում առարկայական ուսուցման:

27. Սանը, սովորողը դպրոց-պարտեզ ընդունվում են կրթահալիրում սահմանված կարգով՝ երեխայի օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) և դպրոց-պարտեզի միջև կնքված ուսումնառության պայմանագրի հիման վրա: Ուսումնառության պայմանագրով որոշվում են սովորողի և դպրոց-պարտեզի փոխհարաբերությունները:

28. Դպրոց-պարտեզը կազմակերպում է սաներին, սովորողներին և աշխատողներին ամենօրյա թարմ, առողջարար սնունդով ապահովումը:

29. Սաների բուժսպասարկման աշխատանքներն իրականացնում է դպրոց-պարտեզին կցված բուժաշխատողը, որ պատասխանատու է նաև բուժկանխարգելիչ միջոցառումների և դպրոց-պարտեզում սանիտարահիգենիկ պահանջների պահպանման համար:

30. Դպրոց-պարտեզում գործում է տարատարիք սովորողների երկարացված օրվա ճամբար՝ որպես լրացուցիչ կրթություն:

31. Լրացուցիչ կրթական ծրագիրը, այդ թվում տնային աշխատանքը, ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացներից, որոնք, որպես ծառայություններ` իրականացվում են ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:

32. Դպրոց-պարտեզում ուսուցման լեզուն գրական հայերենն է:

IV. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

33. Դպրոց-պարտեզի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ղեկավարը:

34. Դպրոց-պարտեզում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ:

35. Մանկավարժական, ծնողական խորհուրդներն իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։

36. Դպրոց-պարտեզի ղեկավարը`

· կազմակերպում և ղեկավարում է դպրոց-պարտեզի ընթացիկ գործունեությունը.

· Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոց-պարտեզի զարգացման ծրագիրը.

· մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.

· ղեկավարում է դպրոց-պարտեզի մանկավարժական խորհրդի աշխատանքները.

· ապահովում է դպրոցի-պարտեզի ենթակայքի աշխատանքը.

· մասնակցում է դպրոց-պարտեզի աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմման աշխատանքին և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.

· ապահովում է դպրոց-պարտեզում կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների (այսուհետ՝ Կանոններ), աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանումը.

· նշանակում է դպրոց-պարտեզի կաբինետների ղեկավարներին.

· կազմակերպում է սովորողների ընդունելությունը դպրոց-պարտեզ.

· օրինական ներկայացուցչի (ծնողի) հետ, կրթահամալիրում սահմանված կարգով, կնքում է ուսումնառության պայմանագիր.

· կազմավորում է դպրոց-պարտեզի ուսումնական խմբերը.

· հաստատում է դպրոց-պարտեզի դասացուցակը և դրա փոփոխությունները.

· ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.

· առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար, սահմանված կարգով, կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.

· ստեղծում է սովորողի և աշխատողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմաններ.

· վերահսկողություն է իրականացնում սովորողների սննդի, դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

· հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարմանը և պահպանմանը.

· ապահովում է պայմաններ սովորողների նախասիրության զարգացման դասընթացների գործունեության համար.

· նախասիրությունների զարգացման, լրացուցիչ կրթության կազմակերպման նպատակով համագործակցում է կրթահամալիրի ուսումնական կենտրոնների, արվեստանոցների, արհեստանոցների, լաբորատորիաների հետ.

· ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.

· ներկայացնում է դպրոց-պարտեզի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.

· օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

· կատարում է Տնօրենի հանձնարարություններ.

· ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:

37. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է դպրոց-պարտեզում աշխատող բոլոր մանկավարժական աշխատողներից, կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողներից: Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝

· դպրոց-պարտեզի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն Խորհրդի հաստատմանը.

· ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը։

Մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է դպրոց-պարտեզի կայքում։ Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են.

38. Դպրոց-պարտեզի ծնողական խորհուրդը կազմավորվում է սովորողների ծնողներից:

39. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:

40. Ծնողական խորհուրդը կազմակերպում է սովորողների տրանսպորտային փոխադրումները:

41. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոց-պարտեզի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:

42. Դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին աշխատանքի է նշանակում Տնօրենը` դպրոց-պարտեզի ղեկավարի հետ խորհրդակցելով: Գրասենյակի ղեկավարի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:

43. Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է դպրոց-պարտեզի կազմակերպիչներ՝ ղեկավարի ներկայացմամբ:

44. Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, որ պատասխանատու է դպրոցի` իրեն ամրակցված սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար: Կազմակերպիչի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:

V. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ

45. Դպրոց-պարտեզում դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է: Դասավանդող կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:

46. Դպրոց-պարտեզում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:

47. Դպրոց-պարտեզի սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:

48. Դպրոց-պարտեզի սովորողը պատասխանատվություն է կրում Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:

49. Դպրոց-պարտեզը կարող է սահմանված կարգով, միակողմանի լուծել իր և սովորողի ծնողի միջև կնքված ուսումնառության պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողի ծնողին, եթե պայմանագրային պարտավորությունները սովորողի կամ ծնողի կողմից չեն պահպանվել:

VI. ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

50. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի դպրոց-պարտեզին օգտագործման է հանձնում տարածք, գույք, միջոցներ:

51. Դպրոց-պարտեզի ղեկավարը պատասխանատու է դպրոց-պարտեզին հանձնված տարածքների, գույքի, սարքերի նպատակային օգտագործման և պահպանման համար:

52. Դպրոց-պարտեզի ֆինանսական միջոցները գոյանում են պետության բյուջետային ֆինանսական հատկացումներից, մանկապարտեզային խմբերի սաների ծնողների վճարներից, սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, լրացուցիչ կրթական ծառայությունների վճարներից, բարեգործական, նպատակային ներդրումներից, օրենքով թույլատրված այլ աղբյուրներից:

53. Դպրոց-պարտեզի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:

VII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

54. Դպրոց-պարտեզը վերակազմակերպվում կամ լուծարվում է կրթահամալիրի Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով